Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ թավշյա հեղափոխությանը նախորդած քայլերթը սկսել է հենց Գյումրիից, ապա հայտնեց, որ բացի այսօրվա հանդիպումը, դեկտեմբերի 7-ին եւս Գյումրիում են լինելու․ այդ օրը կառավարությունը արտագնա նիստ կանի այնտեղ։

Դեկտեմբերի 7-ին կլրանա 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը։
Հիշեցնենք, որ քարոզարշավին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդ է վերցրել, որը կավարտվի դեկտեմբերի 5-ին։

«Ինչո՞ւ մենք Գյումրիից սկսեցինք քայլերթը, որովհետեւ գիտեինք, որ էն գործը, որ Գյումրիից ենք սկսում խերով ա, աջ ա գնալու, եւ մենք բոլորին, նաեւ ներդրողներին խորհուրդ ենք տալիս ներդրումները սկսել Գյումրիից»,- ասաց Փաշինյանը։

Նա նաեւ ընդունեց իր մեղքը, որ հեղափոխությունից հետո Գյումրի չի եկել․ «Ես նաեւ գիտեմ, որ մի քիչ էլ նեղացած եք, որ հեղափոխությունից հետո Գյումրի չեմ եկել, մեղավոր եմ, պատժեք»։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտում է՝ Գյումրու խնդիրները լուծելու համար տնտեսական հեղափոխություն է անհրաժեշտ․ «Շատ է խոսվում, թե ինչպես պետք է մենք վերականգնենք աղետի գոտին։ Մեր պատասխանն մեկն է՝ ելքը տնտեսական հեղափոխությունն է։ Մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ աշխատեն, պետք է գործարաններ բացվեն, նոր ներդրումներ արվեն, աշխատեղեր բացվեն։ Գյումրեցին որևէ մեկի ողորմության կարիքը չունի և չի ունեցել»,-շեշտեց նա՝ հավելելով, որ բոլոր խնդիրները պետք է հատ-հատ քննարկվեն։