Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход



Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փարիզի քաղաքապետը մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնել երկու մայրաքաղաքների միջեւ առկա փոխգործակցության ուղղություններն ընդլայնելու հարցում:

Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է երկու մայրաքաղաքների միջեւ բարեկամական եւ գործընկերային կապերի ամրապնդումը՝ նկատելով, որ երկկողմ որոշակի ծրագրերի մշակման ու ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար առկա է լայն դաշտ: 

Կողմերն անդրադարձել են նաեւ Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծմանը եւ նկատել, որ այն երկու մայրաքաղաքների միջեւ հաստատված համագործակցության լավագույն օրինակներից է:

Բացի այդ, Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։

Հայկ Մարությանը նշել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի՝ նոյեմբերին Երեւան նախատեսվող այցը  հնարավորություն կտա տեղում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը եւս պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: