Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Երևան քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ավան վարչական շրջանում, շարունակվում է ապօրինի շինությունների եւ կրպակների ապամոնտաժումը:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Երևանի քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է կենսապահովման  ոլորտի  ընկերությունների անորակ աշխատանքին, որի պատճառով վնասվում է քաղաքի միջոցներով կառուցված փողոցների ասֆալտբետոնե ծածկը: Քաղաքապետը հորդորել է խողովակների, մալուխների եւ այլ ենթակառուցվածքի անցկացման կամ վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համակարգել դրանք քաղաքապետարանի հետ:
«Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունները սպասում են ասֆալտապատման աշխատանքների ավարտին, որ դրանից հետո միայն սկսեն իրենց աշխատանքները:  Ուղղակի աշխատանքերը պետք է համաձայնեցված իրականացվեն: Խոսքը ոչ թե ընթացիկ, այլ նախապես պլանավորված աշխատանքների մասին է: Խնդրում եմ մեր ընկերություններին եւ պահանջում՝ ձեր  աշխատանքները կատարեք պատշաճ որակով»,- ընդգծել է քաղաքապետը:

Պատասխանատուները  Հայկ Մարությանին զեկուցել են, որ քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ավան վարչական շրջանում, շարունակվում է ապօրինի շինությունների եւ կրպակների ապամոնտաժումը: 

«Եթե լինեն սուբյեկտներ, որոնք կփորձեն խանգարել օրինական  գործողությունները, մենք շատ կտրուկ ենք արձագանքելու: Թող անգամ չփորձեն պահել այն իրավիճակը, որն այլեւս գոյություն չունի», - ասել է Հայկ Մարությանը:

Տեղեկանալով, որ մասնավորապես Նոր Նորք վարչական  շրջանում սահմանված ժամկետում չի իրականացվել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագիրը, Հայկ Մարությանը հայտարարել է.

«Այսուհետ այն ընկերությունները, որոնք համագործակցում են Երեւանի  քաղաքապետարանի հետ եւ թույլ են տալիս նման թերացումներ,  հայտնվելու են սեւ ցուցակում եւ այլեւս մեզ հետ չեն աշխատելու:  Քաղաքապետարանի հետ աշխատելու են միայն այն ընկերւթյունները, որոնք  կարող  են պատշաճ որակով կատարել իրենց աշխատանքները»:

Խիստ նկատողություն է տրվել նաեւ այն պատասխանատուներին, որոնք քաղաքացիների գրավոր դիմումներին պատասխանում են  առանց խնդրի էությանը հանգամանալից ծանոթանալու: 

«Ինձ մոտենում են քաղաքացիներ եւ  հետքրքրվում, թե ինչու հիմա եւ 3 տարի առաջ նույնաբովանդակ նամակին տրվել է բացառապես նույն պատասխանը: Եթե անգամ քաղաքացու դիմումը  պետք է ստանա նույն պատասխանը, ապա ես պետք է տեսնեմ, որ աշխատանք է կատարվել, որ հարցը նորից ուսումնասիրվել է եւ ոչ թե «քոփի փասթ» է արվել եւ հետ ուղարկվել: Չի կարող քաղաքաղու կոմից 3 տարի առաջ բարձրացված խնդիրը նույն պատասխանը ստանալ այսօր: Յուրաքանչյուր արտատպած նամակի համար աշխատողը հեռացվելու է աշխատանքից»:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքի մանկապարտեզները եւ դպրոցները գրեթե ամբողջությամբ պատրաստ են ջեռուցման տարեշրջանի  մեկնարկին:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանը եւ վարչական  շրջանների ղեկավարներին հանձնարարել է  փողոցները մաքրել տերեւներից՝  բացառելով  դրանց այրումը: Համապատասխան վարչություններին էլ հանձնարարվել է ուսումնասիրել եւ առաջարկներ ներկայացնել գետնանցումների մաքրության եւ լուսավորության խնդրի լուծման վերաբերյալ: