Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է: Պնդում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։ 

Թեև վարակվածների թվի ակնհայտ նվազում կա, սակայն մասնագետը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները: Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2 միլիոն 429.605 դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1.372.977 հաստատված դեպքով: Երրորդ հորիզոնականում Վրաստանն է, ուր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 253.816 բնակիչ: Հաջորդը Ադրբեջանն է՝ կորոնավիրուսի հաստատված 228.975 դեպքով: Հայաստանում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 166 094 դեպք:

Մասնագետը հիշեցնում է՝ շուրջ 11 ամիս Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ՝ հիմք ընդունելով առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ երկների փորձը՝ երբեմն կիրառելով ավելի խիստ միջոցառումներ:

Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի վարակման դեպքերով դեռ դեկտեմբերին տարածաշրջանում առաջատարի իր դիրքը զիջել էր Վրաստանին: Աշխարհի երկրների ցանկում՝ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի վարակման դեպքերով Վրաստանը հայտնվել է 13-րդ տեղում:

Հունվարի 20-ին կառավարության հետ հարցուպատասխանի օրը մեր երկրում դեպքերի նվազմանն ու տարածաշրջանում կորոնավիրուսային իրավիճակին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր ասել է՝ ևս մեկ տարի ստիպված են ապրել որոշ կանոնակարգերով՝ հրաժարվելով հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումներից: