Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход




Իտալիայում թանգարաններն այցելուների հետաքրքրությունն ու հույզերը ֆիքսող ու վերլուծող համակարգեր են տեղադրել՝ փորձելով այդկերպ ավելացնել այցելուների թիվը և վերականգնել կորոնավիրուսային համավարակի հետևանքով կորցրած 190 միլիոն եվրո գումարը, հայտնում է Bloomberg-ը։

Մասնավորապես, Իտալիայի Բոլոնիա քաղաքի թանգարաններում ցուցանմուշների կողքին տեղադրվել է ShareArt համակարգը, որը թույլ է տալիս հաշվարկել ցուցանմուշի մոտ այցելուի կանգնելու տևողությունն ու ֆիքսել նրա արձագանքն ու հույզերը։

Այս համակարգը նկարների, քանդակների և արվեստի մյուս նմուշների համար ստեղծում է «գրավչության վարկանիշ», ինչը կուրատորներին կօգնի հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպել ցուցադրությունը, որպեսզի այն հետաքրքիր լինի այցելուների համար։ Այսպիսով՝ թանգարանները կկարողանան վերականգնել 2020 թվականի ընթացքում կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով կրած վնասը։

ShareArt համակարգը մշակվել է ENEA պետական գործակալության կողմից, համակարգի առաջին տարբերակը պատրաստ է եղել դեռևս 2016 թվականին, սակայն փորձարկումները նոր են սկսվել։ Համակարգը մշակողները պնդել են, որ այցելուների գաղտնիությունը կպահպանվի, և ծրագիրը նպատակ ունի միայն արվեստասերների հուզական արձագանքի մասին տվյալներ հավաքել։

Հայտնի է, որ միջին հաշվարկով մարդիկ յուրաքանչյուր ցուցանմուշի դիմաց կանգնում են 4-5 վայրկյան և միայն հազվադեպ դեպքերում՝ ավելի քան 15 վայրկյան։